Հուշեր Տ. Պետրոսյանի մասին
Տիգրան Պետրոսյան (1929-1984) ԽՍՀՄ և միջազգային գրոսմայստեր (1952), աշխարհի 9-րդ չեմպիոն (1963-1966 Մ. Բոտվիննիկին, 1966-1969 Բ. Սպասսկուն հաղթելուց հետո), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ժուռնալիստ, «Սովետսկի սպորտ» թերթի հավելված «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977): Հեղինակ է «Շախմատը և փիլիսոփայությունը» (1968 թ.) աշխատության: Դիրքային պայքարի նուրբ գիտակ, խաղացած բազմաթիվ պարտիաներ տեղ են գտել շախմատային դասագրքերում: Պետրոսյանը լուրջ ներդրում ունի շախմատային տեսության ռազմավարության և մարտավորության զարգացման ասպարեզում: 1963 թ. Բոտվիննիկ-Պետրոսյան մրցախաղը Հայաստանում վերածնվեց ազգային զարթոնքի օրերի: Բոլոր հայերը շախմատով էին վարակվել, ամենուր շախմատն էր, հետաքրքրությունների, խոսակցությունների հիմնական նյութը շախմատն էր: Մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում տեղադրված հսկա ցուցատախտակի վրա վերարտադրվում էին խաղի քայլերը: Հազարավոր մարդիկ սիրով հինգ-վեց ժամ համակ ուշադրությամբ հետևում էին իրենց տաղանդավոր հայրենակցի գործողություններին, չնայած նրանց մեծ մասը քիչ է հասկանում շախմատի նրբություններից, բայց դա կարևոր չէր: «Մի օր նկատոցի, որ մի մարդ Տիգրանի յուրաքանչյուր քայլից հետո մի մեծ կում է անում իր հետ բերած գինու տակառիկից: Նրա համար էական էլ էր, թե ինչ է խաղացել Պետրոսյանը, ակնհայտ էր, որ Տիգրանի ֆիգուրների ցանկացած շարժում այդ մարդու համար մի հանճարեղ քայլ է: Այդ օրը Պետրոսյանը հաղթեց,և պարտիայի ավարտին տակառիկով մարդն ամբողջ գինին լցրեց գլխին…»:
Գ. Հովհաննիսյանը:
Պետրոսյանի հետ ես շատ էի շփվում, և այդ շփումը ինձ անչափ օգնեց: Նա կենդանի դասական էր: Պետրոսյանի հարուստ փորձը, շախմատի խաղատախտակի վրա (և ոչ միայն) ծավալվող գործողությունների դիպուկ գնահատականները հետագայում ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ պայքարում: Եվ, իհարկե, ինձ համար ծանր հարված էր, որ իմ ամենաառաջին մրցախաղից առաջ ես զրկվեցի Պետրոսյանից՝ մեծ բարեկամից և ուսուցչից:
Գարրի Կասպարով
* * *
«Պետրոսյանը կարողանում է սպառնացող վտանգը տեսնել և չեզոքացնել 20 քայլ առաջ: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է Պետրոսյանին հաջողվում, հիանալի դիրք ստանալուց հետո, անընդհատ մանևրել այնպես, որ իր դիրքն ավելի ուժեղանա»:
Ռոբերտ Ֆիշեր
* * *
«Եթե շախմատի պատմության մեջ փնտրեք Պետրոսյանի «նմանակին», ապա կհասնեք Կապաբլանկային … Պետրոսյանը նման չէ այն վագրին, որը հարձակվում է իր զոհի վրա: Նա ավելի շուտ վիշապօձ է, որը խեղդամահ է անում իր զոհին, կամ կոկորդիլոս է, որն սպասում է հարմար պահի՝ վճռական հարված հասցնելու համար: Պետրոսյանը ականավոր ռազմավար է: Եթե նա սկսի մի քիչ զոհաբերել, ապա հնարավոր չի լինի նրա հետ շախմատ խաղալ» :
Մաքս Էյվե
* * *
Պետրոսյանը կոմբինացիոն մեծ հզորություն ունեցող ականավոր ստրատեգ է: Նա չի վախենում բարդություններից և հավատում է իր ուժերին:
Մաքս Էյվե
* * *
Պետրոսյանը գերազանց տիրապետում է կոմբինացիոն խաղին: Նրա պարտիան Գիմարի հետ ժամանակակից շախմատի լավագույն կոմբինացիոն նմուշներից մեկն է:
Իսահակ Բոլեսլավսկի
Ինձ ապշեցնում է Պետրոսյանի ունակությունը հասնելով գերազանց դիրքի. անընդհատ գտնել այն ավելի ուժեղացնելու հնարներ:
Ռոբերտ Ֆիշեր
* * *
Պետրոսյանի յուրօրինակ, զարմանալիորեն խոր խաղաոճը անգնահատելի ազդեցություն է թողել ժամանակակից վարպետների մեծ մասի ստեղծագործության վրա:
Այդ փայլուն և ինքնատիպ շախմատիստի հսկայական շախմատային ժառանգությունը մեզ հետ կլինի այնքան ժամանակ, քանի կա մեր արվեստը:
Վասիլի Սմիսլով
* * *
Պետրոսյանը մեր բոլոր գրոսմայստերներից ամենաինքնատիպ ու յուրօրինակ տաղանդն ունի:
… Նա այնքան խորաթափանց է դասավորում իր ֆիգուրները, որ բոլոր հարձակումները դրանց վրա դառնում են առավելգույն չափով դժվարացած: Դա շատ նուրբ ու հազվագյուտ խաղաոճ է և դրան դժվար է համակերպվել: Ես դա չկարողացա անել և տանուլ տվեցի 1963 թ.-ի մրցախաղը:
Միխայիլ Բոտվիննիկ
* * *
Բացառիկ ուժի. համարյա սխալներ չանող շխմատիստ՝ ահա թե ով է Պետրոսյանը: Նրա շախմատային հոտառությունն ապշեցուցիչ է:
Սամուիլ Ռեշևսկի
* * *
Պետրոսյանը մշակել է վտանգավոր, հղկված տակտիկա: Նա հավանաբար, մեր ժամանակի ամենատաղանդավոր շախմատիստն է:
Բորիս Սպասսկի
* * *
Պետրոսյանը ցնցող տակտիկ է:
Բորիս Սպասսկի
* * *
Իր ամբողջ զգուշավորությամբ հանդերձ Պետրոսյանը հաճախ ընդունում էր զարմանալիորեն գեղեցիկ շախմատային որոշումեր նույնիսկ՝ ամենապատասխանատու պարտիաներում:
Սվետոզար Գլիգորիչ
* * *
Պետրոսյանն ինքը հազվադեպ էր ձգտում բուռն մենամարտի, բայց եթե նուրբ կոմբինացիա կիրառելու առիթ էր լինում ապա այն երբեք բաց չէր թողնում:
Անատոլի Կարպով
* * *
Պետրոսյանը կատարյալ ֆենոմենալ շախմատային տաղանդ է:
Երբեմն նա հակառակորդների փոխարեն գտնում էր մտահաղացումներ, որոնք նրանց մտքովն իսկ չէին անցնում:
Ինձ համար նա կատարելություն էր:
Միխայիլ Տալ
* * *
Մենք շախմատիստներս գիտենք ինչքան դժվար է դառնալ աշխարհի չեմպիոն և ինչքան ավելի դժվար է պահպանել այդ տիտղոսը: Չեմպիոններից ո՞վ է իր տիտղոսը ավելի համոզիչ պահպանել քան Պետրոսյանը Սպասկու դեմ:
Լայոշ Պորտիշ
* * *
Տիգրան Պոտրոսյանը ամենատաղանդավոր գրոսմայստերներից մեկն է…
Հաղթել Պետրոսյանին գործնականում անհնար է:
Պետրոսյանի հազվագյուտ շախմատային ֆանտազիան նրան օգնում էր կանխատեսել և ժամանակին կանխել հակառակորդի նույնիսկ ամենաքողարկված մտահաղացումները:
Դավիթ Բրոնշտեյն
* * *
Տիգրան Պետրոսյանը մի անբողջ դարաշրջան է շախմատի պատմության մեջ: Անկասկած նա այնտեղ հատուկ տեղ է գրավում: Պերոսյանը աշխարհի չեմպիոն էր հենց այն ժամանակաշրջանում, երբ շախմատում բեկում էր տեղի ունենում, երբ ձևավորվում էր ժամանակակից շախմատը: Պետրոսյանը շատ յուրօրինակ խաղավոճ ուներ, որի բանալին չէին կարողանում գտնել նույնիսկ խոշոր շախմատիստները:
Գարրի Կասպարով
* * *
Պետրոսյանի հետ ես շատ էի շփվում, և այդ շփումը ինձ անչափ օգնեց: Նա կենդանի դասական էր: Պետրոսյանի հարուստ փորձը, շախմատի խաղատախտակի վրա (և ոչ միայն)ծավալվող գործողությունների դիպուկ գնահատականները հետագայում ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ պայքարում: Եվ, իհարկե, ինձ համար ծանր հարված էր, որ իմ ամենաառաջին մրցախաղից առաջ ես զրկվեցի Պետրոսյանից՝ մեծ բարեկամից և ուսուցչից:
Գարրի Կասպարով
* * *
Պետրոսյանն օժտված է զարմանալի խաղաոճով, նա ամենից առաջ հոգում է իր հակառակորդին գրոհելու ունակությունից զրկելու մասին: Նա այդ անում է արտիստաբար, առանց որևէ լարվածության, պարզապես ենթազգայությամբ…Ես չկարողացա հարմարվել դրան:
Միխայիլ Բոտվիննիկ
* * *
Պետրոսյանը լավ կարողանում է տեսնել վտանգը այն՝ ծագելուց քսան քայլ առաջ:
Ռոբերտ Ֆիշեր
* * *
Բոլոր սերունդների շախմատիստները չպետք է դադարեցնեն Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը, նրանց սեղաններին միշտ պետք է լինեն նրա լավագույն պարտիաները, որովհետև առանց Պետրոսյանի չկա ժամանակակից շախմատ:
Լև Պոլուգաևսկի
* * *
Գաղտնիք չէ, որ Տիգրան Պետրոսյանը իմ շախմատային կուռքն է եղել պատանեկությանս տարիներից: Ես մեծագույն ուշադրությամբ եմ ուսումնասիրել նրա պարտիաները, և շախմատի նրա ընկալումը հսկայական ազդեցություն է թողել իմ վրա: Որպես նրա խաղի տիպական առանձնահատկություն, կարելի է նշել այն դիրքային զոհաբերությունը, որը 40 տարի անց, ժամանակակից շախմատում դարձել է մարդ արարածի կարևորագույն զենքերից մեկը համակարգչի դեմ պայքարում:
Տիգրանը եղել է, կա և միշտ կլինի իմ ամենասիրելի աշխարհի չեմպիոնը:
Պետեր Լեկո
* * *
Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ երջանիկ հնարավորություն տվեց մոտիկից ճանաչելու Տիգրան Պետրոսյանին՝ իմ կարծիքով, ամենահանճարեղ շախմատիստին:
Նրա խաղը աչքի էր ընկնում պաշտպանության բարձրագույն տեխնիկայով, ֆանտաստիկ ինտուիցիայով, հրաշալի կոմբինացիոն տեսողությամբ և դիրքային խոր գաղափարներով:
Տիգրան Պետրոսյանը ոչ միայն մեծ շախմատիստ էր, այլև մեծ հոգու տեր մարդ: Ես միշտ հիշում եմ այն բազմակողմանի օգնությունը, որ նա ինձ ցույց է տվել իմ կայացման ժամանակաշրջանում:
Արշակ Պետրոսյան
* * *
Նրանք, ովքեր Տիգրան Պետրոսյանին գիտեն միայն նրա պարտիաներով՝ շատ քիչ գիտեն շախմատային այս հսկային: Տիգրանի անզուգական տաղանդը ամբողջովին ընկալելու համար պետք էր հետևել նրա ապշեցուցիչ վերլուծություններին: Տիգրանը այնպիսի ֆանտաստիկ տարբերակներ էր ցուցադրում, որոնք նրա մրցակիցների և խաղին հետևող գրոսմայստերների մտքով անգամ չէր անցնում: Պետրոսյանը հրաշագործ էր, շախմատային իսկական հանճար:
Ռաֆայել Վահանյան
Տիգրան Պետրոսյանի մտքերից
* * *
Իմ N1 ուսուցիչը կյանքն է, N 2-ը՝ վարպետ Արչիլ Էբրալիձեն, որը շախմատ էր ուսուցանում Թբիլիսիի պիոներպալատում: Հետո արդեն գալիս են Կապաբլանկան, Նիմցովիչը… և, ինչպես ասում են, «այսուհետև՝ բոլոր կանգառներով», սովորել եմ բոլորից, ում հետ բախտ է վիճակվել հանդիպել շախմատի խաղատախտակի առջև:
* * *
Ճիշտ չէ 16-18 տարեկան պատանիներին վերաբերվել որպես մի հում նյութի, որից կարելի է քանդակել՝ ինչ ուզես: Ես կարծում եմ, որ արդեն այդ տարիքում շախմատիստը պետք է որոշակի աշխարհայացք ունենա: Խոսքս հրաշամանուկներ թխելու մասին չէ: Բայց կյանքը համոզիչ ապացուցել է, որ համաշխարհային ճանաչում գտած բոլոր շախմատիստները պատանեկան տարիքում բավականին ուժեղ խաղացողներ են եղել:
* * *
Այն մարդու համար, ով որոշել է լրջորեն, իսկապես զբաղվել շախմատով, կարևոր է պարբերաբար դիտարկել ամենատարբեր մրցումներում խաղացած պարտիաներ: Դա հնարավորություն է տալիս մշտապես զգալ շախմատային մտքի զարկերակը, ծանոթանալ ուրիշների մտահղացումների հետ, անհրժեշության դեպքում մանրակրկիտ վերլուծել դրանք՝ նախօրոք կուտակելով ամենատարբեր մտքեր ու տարբերակներ, նույնիսկ, եթե դրանք արագ գործնական կիրառում չեն խոստանում:
* * *
Գուցե, ես բավարար չափով չեմ մտահոգվել իմ «չեմպիոնական հեղինակության» մասին, բայց երբեմն պետք է մտածել, թե դու ում համար ես չեմպիոն՝ քե՞զ համար,թե՞ շախմատային աշխահի: Իհարկե, հաղթելով 1963 թ. Բոտվիննիկին, ես կարող էի ամբողջովին հետամուտ լինել առաջին մրցանակների համար մղվող մցավազքին: Նման հաջողության է տանում բավականին ծեծված ճանապարհ. խաղալ հազվադեպ, հատուկ ընտրված մրցաշարերում: Ես սկզունքորեն դեմ եմ նման, այսպես կոչված, տակտիկային:
* * *
Շախմատիստի կատարելագործման լավագույն, իսկ, գուցե և, միակ ուղին, վարպետների խաղացած պարտիաների վերլուծությունն է՝ այդ բառի բուն իմաստով:
Շախմատում հանճարը առաջ է անցնում իր ժամանակից, բայց չէ՞ որ դա կարելի է տեսնել միայն հետո, ետ նայելիս: Այս տեսակետից հանճարներ կարելի է անվանել ամենևին ոչ շատերին: Մորֆի, Ստեյնից… Միգուցե, Տալ:
* * *
Ես հպարտանում եմ , որ բազմաթիվ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ներկայացնում եմ իմ ժողովուրդը, իմ հանրապետությունը՝ Հայաստանը, ոչ միայն որպես շախմատիստ, այլև որպես իմ հայրենիքի քաղաքացի:
* * *
Որպեսզի շախմատը ձեր առջև բացի իր ամբողջ գանձարանը, որպեսզի այն հիրավի ձեզ ուրախություն պատճառի, պետք է լավ խաղալ: Ձեզանից յուրաքանչյուրը զբաղված է իր գործերով և, հավանաբար, այնքան էլ հեշտ չէ ժամեր, օրեր ու շաբաթներ գտնել շախմատն ուսումնասիրելու համար: Բայց դա անհրաժեշտ է շախմատի գաղտնիքների մեջ ներթափանցելու համար: Սիրեցեք շախմատը, և այն կսիրի ձեզ: Այն ձեր առջև կբացի իր ամենափայփայած գաղտնիքները:
* * *
Երկարատև և լավ շախմատ խաղալու համար պետք չէ հենվել միայն փորձի և գիտելիքների վրա: Պետք է շախմատին տրվել ամբողջովին:
* * *
Ուժեղ շախմատիստը գիտե խաղի բոլոր կանոններն ու օրենքները: Տաղանդավոր շախմատիստը գիտե այն ամենը, ինչ գիտե ուժեղը, բայց տեսնում է և կանոնների բացատությունները: Իսկ խոշոր շախմատային տաղանդները (անվանենք նրանց հանճարներ) այդ բացառությունները աստիճանաբար վերածում են նոր օրենքների: Եվ այսպես անվերջ: Որովհետև շախմատն անսպառ է:
* * *
Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը: Բայց պետք է սովորել լավ խաղալ, և այնժամ դուք կապրեք իսկական ուրախություն:
* * *
Շախմատը ազդում է մարդու զարգացման վրա, որոշակիորեն ազդում է նրա կենսակերպի վրա: Դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր զբաղվում են շախմատով, շախմատային նվիրում են իրենց ժամանակը, իրենց ոգեղեն ուժերի մի մասը և դրանից հաճույք են ստանում: Նշանակություն չունի՝ նրանք պրոֆեսիոնալնե՞ր են, թե՞ պարզապես հասարակ շախմատասերներ:
* * *
Ամենից շատ ես շախմատում գնահատում եմ տրամաբանությունը: Ես խորապես համոզված եմ, որ շախմատում, թեև այն մնում է խաղ, ոչինչ պատահական չկա: Եվ դա իմ հավատամքն է: Ես սիրում եմ միայն այնպիսի պարտիաներ, որտեղ խաղացել եմ դիրքի պահանջներին համապատասխան: Ես հավատում եմ միայն տրամաբանական, «ճիշտ» խաղին:
* * *
Շատ, չափից ավելի շատ բան շախմատում կախված է ոչ միայն խաղալու հմտությունից, այլև բնավորությունից:
* * *
Ինձ հատուկ են զգուշություն, զգուշավորություն… Իմ խաղաոճում, ինչպես հայելիում, արտահայտվել են բնավորությանս գծերը: Սակայն ես համոզված եմ, որ միայն «զգուշավորությամբ» չի կարելի շահել աշխարհի առաջնության երկու մրցախաղ:
* * *
Շախմատիստը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ լավ է խաղում:
* * *
Ես երբեք շախմատին չեմ նայել որպես մարզական բարձր արդյունքների հասնելու միջոցի: Ինձ համար միշտ գլխավորը եղել է շախմատային պայքարի ներքին բովանդակությունը, շախմատային խաղատախտակի առջև նստած երկու մարդկանց ներքին վիճակը:
* * *
Շախմատը կարելի է համեմատել երաժշտության, բայց՝ լուրջ երաժշտության հետ: Թեթև, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց, որպեսզի ուրախություն և հաճույք բերի լուրջ երաժշտությունը, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա:
* * *
Կան շախմատիստներ, որոնք գոհ են իրենց համարյա յուրաքանչյուր պարտիայից, բայց կան և բավականաչափ ինքնաքննադատաբար մտածողներ: Պետք է ասեմ, որ ես, որպես կանոն, հազվադեպ եմ գոհ լինում խաղիցս:
* * *
Յուրաքանչյուր շախմատիստ, խաղալով հակառակորդի հետ, միևնույն ժամանակ պայքարում է ինքն իր հետ: Յուրաքանչյուր պարտիա կամ մրցախաղ միաժամանակ ներքին պայքար է:
* * *
Հոգու խորքում ես փայփայում եմ մի երազանք, որ երբևիցե կգտնեմ այնպիսի աշակերտի, որին կարող եմ փոխանցել այն ամենը, ինչ գիտեմ, ինչը ծնվել է ճշմարտության տանջալից փնտրտուքներում: Ես հույս ունեմ գտնել այդպիսի մի պատանու, որի հետ մենք կարող էինք փնտրել միասին և որը հետո գործնականում, խաղատախտակի առջև, կստուգեր մեր փնտրտուքների իսկությունը:
* * *
Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստներ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվում է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ:
* * *
Ես չեմ վախենում իմ հակառակորդներից շախմատային խաղատախտակի առջև: Բայց միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր խաղընկերներին:
* * *
Դիրքային խաղի ուսուցանումը հավասարազոր է շախմատի դասավանդմանն ընդհանրապես:
* * *
… Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարևորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է: Այն ստեղծագործական սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ շախմատը չի մոռացվել հազարամյակների ընթացքում: Այսօր շախմատ խաղում են ամբողջ աշխարհում, շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով, տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում:
Ես հենց այդպիսի շախմատի կողմնակից եմ և կցանկանայի, որպեսզի երիտասարդ շախմատիստները, որոնք իրենց կյանքը նվիրում են հնագույն խաղին, շախմատում տեսնեին առաջին հերթին հենց ստեղծագործական կողմը, որպեսզի շախմատը նրանց համար դառնար ստեղծագործական ակտ, որն այդ խաղի միլիոնավոր երկրպագուներին բերում է անբացատրելի գեղագիտական ուրախություն և հաճույք:
* * *
Շախմատիստի խաղը հասուն տարիքում, այն ժամանակաշրջանում, երբ նա հայտնվում է ասպարեզում, ավելի կամ պակաս լայն արձագանք է գտնում շախմատային մամուլում: Բայց քիչ բան կամ համարյա ոչինչ է հայտնի մեր խոշոր շախմատիստների այն պարտիաների մասին, որոնք խաղացվել են ձևավորման ընթացքում: Իսկ չէ՞ որ հենց այդ պարտիաներն են հնարավորություն տալիս հետևել այս կամ այն վարպետի ստեղծագործական ուժին, հանդիսանում են այն նյութը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել շախմատային կերպարի ձևավորումը:
* * *
Շախմատիստը պետք է սովորի ոչ միայն ուսման րոպեներին, այլև պարտիայի ժամանակ, խաղից հետո վերլուծելիս, գրքեր և հանդեսներ թերթելիս… Քեզ հետաքրքրե՞լ է խնդիրը կամ էտյուդը՝ ահա և մարզվիր հաշվարկների մեջ: Հանդիպեցիր մի տրամագիր, դիրքի գնահատականով՝ իսկ գուե դու համաձայն չե՞ս: Շարիր ֆիգուրները, ստուգիր, խորհրդակցիր:
* * *
Շախմատում հավասար չափով կարող են մարդու երևակայությունը ապշեցնել ինչպես զուտ տակտիկական հնարքները, այնպես էլ դիրքային բնույթի գործողությունները:
* * *
Շախմատում անհասանելի իդեալը անսխալ խաղալն է: Հենց անսխալ գործելու ձգտումն է ամենից ավելի գրավում այդ խաղում: Հնարավոր է, իրենց ուժի բարձրակետում գրոսմայստերները երբեմն և խաղում են անսխալ, բայց ստեղծագործության մյուս փուլերում վրիպումներն անխուսափելի են:
* * *
Այժմ չեն էլ պատկերացնում նոր հերթափոխի աճ՝ առանց մարզիչների մշտական հովանավորության: Եվ այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ տողերիս հեղինակը, ինչպես և մեր շատ լավագույն գրոսմայստերներ, աճել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի մթնոլորտում, երբ ամեն ոք ինքն էր կերտում իր շախմատային ճակատագիրը:
* * *
Քի՞չ խաղեր գիտե մարդկության պատմությունը: Կամ այսօր քի՞չ խաղեր են լույս աշխարհ գալիս, որոնց նկատմամբ հետաքրքրությունը արագորեն ծնվում և նույնպես արագորեն մարում է: Իսկ շախմատը, անցնելով բազմադարյա պատմություն և ըստ էության մնալով անփոփոխ, արիստոկրատական զվարճանքներից վերածվել է երկրագնդի միլիոնավոր մարդկանց սիրելի խաղի:
* * *
Ես երբեք չեմ բողոքել իմ կոմբինացիոն տեսողությունից: Ես ընդհանրապես կարծում եմ, թեև շատերի համար դա զարմանալի կթվա, որ շախմատում ամեն ինչ հիմնվում է տակտիկայի վրա: Եթե ստրատեգիան մարմարի մի հսկա կտոր է, ապա տակտիկան մի նուրբ հատիչ է, որով գործում է վարպետը շախմատային արվեստի ստեղծագործություն կերտելիս:
* * *
Արվե՞ստ է, արդյոք, շախմատը: Այո՛, արվեստ է: Ուրիշ ին՞չ կերպ պետք է անվանել գործունեության այնպիսի տեսակը, որի դեպքում մարդը ամենախոր գեղագիտական հաճույք է զգում: Ուրիշ ին՞չպես գնահատել նրա ստեղծագործության արդյունքը, որը մարդկանց հոգեկան ուրախություն է պատճառում:
* * *
Թեև խաղաոճով, խաղի հանդեպ վերաբերմունքով, վերջապես արդյունքներով ինձ դժվար է դասել շախմատային արվեստի քրմերի թվին, ես, այնուամենայնիվ, շախմատն առաջին հերթին արվեստ եմ համարում: Հենց այդ հատկությունն է այդքան շատ մարդկանց գրավում դեպի մեր խաղի երկրպագուների շարքերը:
* * *
Պետք է սովորել ոչ միայն պարտիաները վարել դիրքային ոճով, այլև ձգտել գրոհի՝ թեկուզև կապված վտանգելու հետ: Քանզի քաջերինն է աշխարհը:
* * *
Յուրաքանչյուր գրոսմայստեր բավականին բարդ անհատականություն է, որի մասին եղած պատկերացումը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Տալը միայն «զոհաբերություն» չէ, Ֆիշերը՝ ,«Էլեկտրոնային մեքենա» ,իսկ Պետրոսյանը ՝ «զգուշություն»:
* * *
Գուցե պաշտպանվել ես ավելի եմ սիրում, քան հարձակվել, բայց ո՞վ է ապացուցել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր և համարձակ գործ է, քան գրոհը:
* * *
Ի՞նչն է ավելի լավ. գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը: Ամենալավը հաղթելն է:
* * *
Շախմատը միավորում է խաղ, արվեստ և գիտություն: Նա, ով կկարողանա իր մեջ համատեղել մարզիկի. արտիստի և գիտնականի ունակությունները, անպարտելի կլինի:
* * *
Երբ ցուցադրում ես պարտիան ամեն ինչ թվում է հեշտ, հասարակ և հասկանալի: Իսկ մրցաշարային պարտիայում յուրաքանչյուր քայլ պահանջում է հսկայական լարվածություն, ուժերի և ժամանակի զգալի ծախսեր:
* * *
Իմ սիրտը միշտ լցվում է ուրախությամբ, երբ աչքերիս առջև հառնում է մի հոյակապ շախմատային կտավ, որտեղ քրտնաջան ստրատեգիական աշխատանքը.ենթարկվելով շախմատային տրամաբանության կանոններին. պսակվում է պարտիան օրինական վախճանի հանգեցնող տակտիկական հարվածով:
* * *
Մի՞ թե հետաքրքիր չէ դիտել, թե ինչպես համբերատար և քաջարի շախմատիստը դիմանում է երկարատև ճնշմանը, քայլում է անդունդի եզրով, որպեսզի վերջիվերջո պատվով դուրս գա ճգնաժամային դիրքից:
* * *
Կմնա՞, արդյոք, այս կամ այն շախմատիստը պատմության մեջ կախված է ոչ միայն նրա հաջողություններից, այլև ստեղծագործությունից: Ինձ համար. օրինակ նշանակություն չունի շախմատիստը եղե՞լ է, թե՞ չի եղել աշխարհի չեմպիոն: Գլխավորն այն է, որ նա իրենից հետո թողնի սքանչելի պարտիաներ:
Տիգրան Պետրոսյան